Կալանքը չոքեց Գևորգ Կոստանյանի դուռը․ բայց նա դեռ շանս ունի


Loading...


Loading...

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:


Loading...

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին մեղադրանք առաջադրելու համար:

Սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հայտնել էր, որ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է Հատուկ քննչական ծառայություն, նա ասել է, որ գտնվում է արտերկրում և 15-ից 20 օրվա ընթացքում կվերադառնա:

Ինչպես տեսնում ենք՝ նախաքննական մարմինը բավականին երկար է սպասել՝ նույնիսկ ավելին, քան Կոստանյանը խնդրել է, սակայն նախկին գլխավոր դատախազը ոչ միայն Մոսկվայից Երևան չի ժամանել, այլ նաև ԶԼՄ-ներում հանդես է եկել մի քանի բարձրագոչ ու հոխորտալից հայտարարություններով։ Հիմա, երբ սպառված են բոլոր ողջամիտ ժամկետները, ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Կոստանյանին՝ վերջինիս հորդորելով 24 ժամվա ընթացքում վերադառնալ Երևան։ Կոստանյանը մեղադրվում է Մարտի 1-ի փաստական հանգամանքները կեղծելու մեջ ու ավելորդ է ասել, որ սա մի դրվագ է, որն առանցքային նշանակություն ունի հանցագործության ամբողջական բացահայտման համար։

Երկրագունդը կլոր է, ու ոչ մի հանցագործ չի կարող անպատիժ մնալ ու թաքնվելով՝ խուսափել պատասխանատվությունից։ Գևորգ Կոստանյանը բացառություն չէ ու հանգիստ կարող է վերադառնալ, մանավանդ եթե համոզված է իր անմեղության մեջ։ Բացի դրանից՝ վերադարձի պարագայում մեծ է հավանականությունը, որ նախաքննության մարմինը հումանիստական մոտեցում կցուցաբերի ու ձեռնպահ կմնա նրա նկատմամբ՝ որպես խափանման միջոց, կալանավորումը կիրառելուց։

Ավելին, Գևորգ Կոստանյանը՝ որպես օրինապաշտ քաղաքացի, կարող է նույնիսկ համագործակցել նախաքննական մարմնի հետ ու անկեղծորեն պատմել, թե ում հանձնարարությամբ է վերացրել կամ կեղծել Մարտի 1-ի փաստական հիմքերը ու, թերևս, հանգամանալից պատմել, թե ինչ հանձնարարություններ է ստացել Սերժ Սարգսյանից, ու որոնք են եղել դրանց նպատակները։

Այս ամենը երկար-բարակ ներկայացնելու առանձնապես կարիքն էլ չկա, որովհետև Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է ու, թերևս, մեզանից լավ է հասկանում, թե ինչ իրավական հետևանքներ է ունենում իրավապահների հետ համագործակցելը։ Մյուս կողմից՝ նա շատ լավ գիտի նաև այն իրավական փակուղին, երբ մարդ թաքնվում է քննությունից՝ մնալով օտար իշխանությունների ողորմածությանը։ Ոչ ոք չի կարող հանցագործի, հանցագործության կատարման խարանը մաքրել Գևորգ Կոստանյանի ճակատից, եթե նա ընտրի օտար ափերում իր հեղինակությունը մաշեցնելու ճանապարհը՝ ակամայից դառնալով օտարի գործիքը սեփական պետության, ժողովրդի դեմ։

Աշխարհում չկան անսխալական մարդիկ, յուրաքանչյուրն ունի ապաշխարելու իր ճանապարհը, կարևորը՝ բաց ճակատով սեփական հասարակության, արդարադատության առջև կանգնելն է։ Դա է ռեաբիլիտացվելու, օրինապահ քաղաքացի դառնալու, հասարակությանն ինտեգրվելու և արժանապատիվ ապրելու ճանապարհը։ Հույս ունեմ՝ Գևորգ Կոստանյանն այս ճշմարտությունը գիտակցում է։


Загрузка...

ArmenianEnglishRussian